Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն պահպանել Հայաստանում առկա ստատուս-քվոն, այն կարող է բացասաբար ազդել հաջորդ խորհրդարանական ընտրությունների վրա: Այս մասին հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը` ԵՎՎԽ Մոնիտորինգի հանձնմաժողովի նիստի ժամանակ ներկայացված իր հաշվետվության մեջ:
Այսօր` ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փոստանջյանը նշեց, որ Մոնիտորինգի նիստի ժամանակ հայտարարել է, թե այն բարեփոխումները, որոնք արվել են Հայաստանի իշխանությունների կողմից, թեեւ ողջունվում են Վեհաժողովի կողմից, սակայն դրանք քիչ են:
«Իշխանությունները պետք է խոսքից գործի անցնեն եւ փոխեն իրենց քաղաքականությունը: Դա ենթադրում է առաջին հերթին իշխանության տրամաբանության փոփոխություն»,-նկատեց պատգամավորը: Նա նաեւ հավելեց, որ այսօրվա օրենսդրական դաշտը հնարավորություն է տալիս, որպեսզի իշխանությունները լինեն ժողովրդավար, սակայն գոյություն ունեցող պրակտիկան եւ իշխանությունների մենթալիտետը թույլ չեն տալիս, որպեսզի օրենքները կիրառվեն: «Ներկայիս ստատուս-քվոն, քաղաքական բեւեռացումը եւ վատթարացող սոցիալական եւ տնտեսական վիճակը կարող են հանգեցնել սոցիալական ընդվզման»,-հայտարարեց Փոստանջյանը:
Նրա խոսքով` ԵԽԽՎ Մոնիտորինգի նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ մարտի 1-ի իրադարձություններին, մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին: Փոստանջյանի ներկայացմամբ, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը պատրաստվում է զեկույց ներկայացնել, որում խոսվում է քաղբանտարկյալների, մասնավորապես` «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի ազատ արձակման մասին: Զեկույցում նշվում է, որ Փաշինյանի պայմանական վաղաժամկետ ազատումը կարող է տեղի ունենալ ամռանը: Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանին, ապա նրա նկատմամբ պետք է ցուցաբերվի հումանիստական վերաբերմունք, եւ առողջական խնդիրների հետ կապված նրան պետք է ազատ արձակեն:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը տեղի է ունեցել ապրիլի 11-15-ը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի





























