«Արցախի ազատություն» կուսակցության Գործադիր մարմինը որոշում է կայացրել սպասվող նախագահական ընտրություններին սատարելու Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանականին՝ միավորվել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձեւավորվող քաղաքական դաշինքի շուրջ:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ այս առթիվ  Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  «Համապետական ընտրություններին ընդառաջ՝  «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձեւավորվող դաշինքի շուրջ ուժերը միավորեց նաեւ «Արցախի ազատություն» կուսակցությունը: Հիմնականում երիտասարդների ներուժի հիման վրա կազմավորված նորաստեղծ քաղաքական միավորը լավ է պատկերացնում մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները եւ քաջ գիտակցում դրանք միասնաբար հաղթահարելու անհրաժեշտությունը:

Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել անվերապահ վստահության համար եւ մեկ անգամ եւս հավաստել՝ միասին կարող ենք»:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի շուրջ համախմբվելու համար ավելի վաղ հայտարարություն են արել նաեւ «Արցախ հանրապետական» եւ «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունները: