2019 թվականին 911 ծառայությունը 1 մլն կանչ է սպասարկել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարի խոսքով՝ միլիոն կանչերից միայն 16 413-ն է ավարտվել արձագանքման խմբի ուղարկմամբ: «Շատ են զանգում երեխաները: Հաճախ պատահում է, որ մեկ հրդեհի հարցով հարյուր զանգ է ստացվում: Լինում են նաեւ դեպքեր, երբ կանչը ստացվում է ուշացմամբ: Շատ կարեւոր է ժամանակին հայտնել արտակարգ դրության մասին, որպեսզի օգնությունն օպերատիվ լինի»,- պարզաբանեց Ցոլակյանը:
Տարօրինակ զանգերի թվում նախարարը նշեց մի դեպք, երբ մի աղջիկ էր զանգել եւ խնդրել վերադարձնել ձեռքից ընկած բանանը: Մեկ այլ զանգով խնդրել են ծառից իջեցնել կատվին: «Պատահում է, որ զանգում են եւ լռում: Սակայն նույնիսկ նման դեպքերում օպերատորները պետք է ադեկվատ արձագանքեն: Հնարավոր է, որ մարդն այն վիճակում է, որ չի կարողանում խոսել»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:





























