British Airways ավիաընկերության օդանավի ուղեւորներից մեկը օդանավի զուգարանում զենք է հայտնաբերել, որն այնտեղ թողել էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնի թիկնապահը, հաղորդում է Sun-ը:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի: Ինքնաթիռը Նյու Յորքից Լոնդոն էր մեկնում: Պարբերականի տվյալներով՝ նախկին վարչապետը կնոջ՝ Սամանտայի հետ Նյու Յորք էր մեկնել հանգստյան օրերին: Հաղորդվում է, որ մինչ թռիչքը օդանավի կապիտանը ուղեւորներին հայտնել է, որ թռիչքը ձգձգվում է ուղեւորի հետ կապված միջադեպի պատճառով:
«Մենք սպասում էինք թռիչքին, երբ մի տղա սկսեց իր հեռախոսի վրա ցույց տալ զուգարանում թողած զենքի եւ երկու անձնագրերի լուսանկարները: Անձնագրերի մեկը պատկանում էր Դեւիդ Քեմերոնին»,- ասել է ուղեւորներից մեկը:
Պարբերականի խոսքով՝ զենքը գտած ուղեւորն անմիջապես դիմել է օդանավի անձնակազմին: Նշվում է, որ ինքնաթիռ զենք տանելը թույլատրված է: Սակայն, թե ինչու է թիկնապահի մոտ եղել Քեմերոնի անձնագիրը, հայտնի չէ:
Լոնդոնի ոստիկանությունում, որտեղ աշխատում է Քեմերոնի թիկնապահը, հայտնել են, որ «ոստիկանն ազատվել է օպերատիվ պարտավորությունների իրականացումից»:




























