Ստեփանակերտում գտնվող Մեսրոպ Մաշտոց համալսարանում «Ապագայի կամուրջ» ՀԿ նախաձեռնությամբ և Արցախի Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ օրերս անցկացվեց «Խաղաղություն հանուն կայուն զարգացման» թեմայով դասընթացը:
«Ապագայի կամուրջ» ՀԿ համահիմնադիր Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց կազմակերպության կանոնադրական նպատակները, անդամակցության կանոնները և անելիքները, դասընթացը վարեց ՀԿ համահիմնադիր-նախագահ Արման Տոնիկյանը։
Կարծիքների փոխանակման, հաղորդակցային հմտությունները զարգացնող վարժությունների ձևաչափով դասընթացի ընթացքում 16-25 տարեկան արցախցի երիտասարդները քննարկեցին «խաղաղություն», «կոնֆլիկտ» հասկացությունները, ծանոթացան խաղաղության տեսակներին, կոնֆլիկտի լուծման ելքերին և որոշումների կայացման ոճերին, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2250 բանաձևի սկզբունքներին: Բացի դա, դասընթացի ծրագրով նախատեսված խաղ-վարժությունների միջոցով զարգացրեցին ակտիվ լսելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտությունները:
ՀԿ նախագահ Արման Տոնիկյանի խոսքով՝ Արցախում նման թեմայով դասընթաց կազմակերպելու գաղափարն առաջացել էր դեռ անցյալ տարի, երբ «Հայաստանում երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղարարության գործում» ծրագրի շրջանակում վերապատրաստվելուց հետո ինքն առաջարկել էր նման դասընթաց իրականացնել Արցախի երիտասարդների մասնակցությամբ. նպատակն էր՝ ամրապնդել Արցախ-Հայաստան երիտասարդական կապերը՝ մեկտեղելով արդիական թեմայի շուրջ թիրախային խմբի պատկերացումները ոչ ֆորմալ կրթության միջոցով:




























