Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի նախագահ Թուրալ Գանջալիևը, ով իրեն առաջադրել է որպես պատգամավոր, շրջագայելու է ամբողջ աշխարհով և նվաճելու այն տարածությունը, որը մեր պաշտոնական կառույցների համար, կարծես, գոյություն չունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Խոսքը հասարակական կարծիքի եւ մասնագիտական շրջանակների տիրույթի մասին է, որոնք այս կամ այն կերպ ազդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքի վրա, որոնք իրենց դիրքորոշումը միշտ համեմատում են նրա հետ, ինչն ամբողջ աշխարում գոյություն ունի 3 տիրույթում` պետական, փորձագիտական և հանրային: Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի հասկացությունն իրավաբանորեն անիմաստ է, բայց այն էական դեր կխաղա տեղեկատվական տիրույթում»,- պարզաբանեց Ալավերդյանը:

Նա նշեց, որ բանակցությունները կենդանի գործընթաց են, որտեղ օգտագործվում է այն ամենը, ինչը կարող է նպաստել հիմնական նպատակի իրագործմանը:

«Բաքուն անխոնջ աշխատում է ամբողջ աշխարհի հետ` կեղծելով փաստերը, մինչդեռ հայկական կողմը երբեք չի բարձրացրել Ադրբեջանի հայ փախստականների հարցը, ինչը կարող էր չեզոքացնող լուրջ գործոն լինել այն ամենի համար, ինչին մենք ականատես ենք այսօր: Դա կարող էր արվել դեռ հակամարտության սկզբում, քանի որ, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին բանակցային գործընթացում ընդգրկելու Բաքվի փորձերը ձեռնարկվում էին հենց սկզբիցի»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Ալավերդյանի խոսքով` հայկական կողմի այս ամբողջ պասիվությունը հանգեցնում է նրան, որ մենք հաղթանակի համար ավելի բարձր գին կվճարենք, որը, իհարկե, մերը կլինի, քան կարելի էր վճարել: