Թուրքմենստանի արեւելյան Լեպաբի մարզում 40 տարեկանից բարձր պաշտոնյաներին պարտավորեցրել են ճերմակ մազեր ունենալ, ինչպես երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որը սկսել է ճերմակ մազերով հանրությանը ներկայանալ 2018 թվականի օգոստոսից, հաղորդում է Svoboda.org-ը:
Փետրվարի 1-ից պաշտոնյաներին, դպրոցների եւ հիվանդանոցների աշխատակիցներին արգելվում է ներկել մազերը: Իսկ նրանք, ում մազերը բնական գույնի են, պետք է սպիտակեցնեն մազերը:
Այն դեպքում, եթե մարզ այցելի նախագահը, նրան կդիմավորեն միայն «ճերմակած» պաշտոնյաները:
2019-ի հունվարին Թուրքմենստանում բոլոր դպրոցներին, հիվանդանոցներին ու այլ պետհաստատությունների պարտավորեցրել էին գնել երկրի ղեկավարի նոր նկարները, որոնցում նա ճերմակած մազերով է պատկերված:
Պարբերականը նշում է, որ չի կարողացել այդ թեմայով պաշտոնական մեկնաբանություն ստանալ:




























