Առաջարկվող օրենսդրական փաթեթով Հայաստանում առաջարկվում է հեռակառավարվող բժշկական սպասարկման համակարգ ներդնել։ Այս մասին ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում «Բնակչության բժշկական օգնության, սպասարկման  մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքերով՝ խոսքը էլեկտրոնային ձեւաչափով խորհրդատվական օգնության տրամադրման, ինչպես նաեւ նույն եղանակով դեղատոմսերի դուրսգրման մասին է։

«2019թ․, պիլոտային ծրագրի շրջանակներում, Հայաստանում ստեղծվել է ArMed համակարգը, որի մեջ ներառված են երկրի մի քանի բժշկական հաստատություններ։ Դրա մեջ նախատեսված է ներգրավել առողջապահության բոլոր օբյեկտները՝ առանց բացառության, այդ թվում դեղատնային ցանցը։ Այս միջոցառումը կոչված է 80-90 տոկոսով կրճատել թղթային փաստաթղթաշրջանառությունը եւ բարձրացնել բնակչության բուժսպասարկման որակը»,- ասաց Ավանեսյանը։

Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ համակարգի անվտանգությունն ապահովելու համար ընթացիկ տարում ներդրվել է պահուստային սերվեր։ Նոր համակարգի կիրառման կարգը կորոշի կառավարությունը։

Փոխնախարարը նշեց նաեւ, որ «Բնակչության բուժական օգնության, սպասարկման մասին» օրենքը ընդունվել է դեռեւս 1996թ․, որից հետո դրա մեջ ընդամենը մի քանի փոփոխություններ են կատարվել, եւ այժմ այն արդիականացնելու անհրաժեշտություն է առաջացել։