Ներկա իրավիճակում հայկական հանրությանը, այդ թվում զինծառայողներին, այսօր անհրաժեշտ է ավելի մեծ զգոնություն դրսեւորել, քան նախկինում։ Այս մասին փետրվարի 5-ին «Ղարաբաղը փոփոխությունների շեմին։ Արտաքին եւ ներքին անվտանգություն» թեմայով քննարկումների ժամանակ հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանի վարչապետը պատրաստ չէ ստորագրել որեւէ փաստաթուղթ, նա ընդամենը մանիպուլյացիայի է ենթարկում հասարակական կարծիքը՝ ներկայացնելով իրեն որպես միակ առաջնորդ, որը «հողերը վերադարձնելու» շուրջ բանակցություններ չի վարի։
«Փաշինյանը ինչի վրա ասես պատրաստ է ժամանակ ծախսել, միայն թե ժամանակը ձգի, իր վրայից պատասխանատվությունը գցի՝ դնելով այն ուրիշի ուսերին, եւ երկարաձգի իր իշխանությունը։ ԵԱՀԿ ամբողջ տերմինոլոգիան, որ կա բանակցությունների սեղանին, դադարում է աշխատել, երբ կողմերից մեկը պաշտոնապես ֆիքսում է, որ այս կամ այն փաստաթուղթը դադարում է բանակցությունների հիմք լինել։ Հենց այդպես ժամանակին բանակցություններից դուրս եկան փաթեթային ու փուլ առ փուլ տարբերակները եւ ընդհանուր պետության առաջարկությունը»,- նշեց փորձագետը։
Նրա գնահատականով՝ ողջ բանակցային գործընթացը գտնվում է քաոսի վիճակում՝ չկա դիրքորոշում, չկա ռազմավարություն, չկա մարտավարություն։
«Ինչպես բացատրել այն, որ Ժնեւում Հայաստանի արտգործնախարարը ստորագրում է հնգակողմ հայտարարություն, իսկ այսօր խոսում է փոխզիջման մասին»,- նկատեց Բեքարյանը։




























