Առնվազն 139 մարդ է տուժել չորեքշաբթի օրը Ստամբուլի օդանավակայանում թուրքական Pegasus Airlines ավիաընկերության ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով։ Այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Ալի Յերլիկայան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ստամբուլի շրջանի առողջապահության վարչության տվյալներով՝ Սաբիխի Գեկչենի անվան օդանավակայանում միջադեպի հետեւանքով հոսպիտալացվել է 139 մարդ»,- նրա խոսքերն է մեջբերում Anadolu-ն։

«Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ են հանդիսացել եղանակային վատ պայմանները։ Ինքնաթիռը 30 մ բարձրությունից ընկել է թռիչքուղու վրա»,- NTV հեռուստաընկերության եթերում ասել է Յերլիկայան։

Տեղեկացվում է, որ այն բանից հետո, երբ ինքնաթիռը թռիչքուղուց դուրս է գլորվել, նրա մեջ հրդեհ է բռնկվել։

Ուղեւորները տարհանվել են ֆյուզելյաժի անցքերից։