Ոստիկանությունը քաղաքացիներին ուղղված հայտարարություն է տարածել՝ կապված գրպանահատների հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, հասարակական տրանսպորտում ուշադիր եղեք ձեր իրերի նկատմամբ, դրանք պահեք տեսադաշտում։

Բազմաթիվ դեպքերում գրպանահատը, հափշտակելով դրամապանակը, բացի փողից գտնում է նաեւ բանկային քարտ՝ ծածկագրով հանդերձ։ Եթե քաղաքացին չի հասցնում արգելափակել այն բանկի միջոցով, հանցագործը կանխիկացնում է քարտի գումարը։

Ոչ մի դեպքում մի պահեք բանկային քարտն ու ծածկագիրը միասին։

Փորձը ցույց է տալիս, որ գրպանահատները գործում են թե՛ մենակ, թե՛ խմբով։ Հիմնականում` խմբի մի մասը երթուղային տրանսպորտում շեղում է ուղեւորների ուշադրությունը, իսկ մյուս մասը հափշտակում է իրեր։ Ինչ էլ լինի` ձեր իրերը պահեք ձեզ մոտ եւ մարդաշատ վայրերում եղեք առավել ուշադիր»: