Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխման հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որը պետք է զբաղվի համալիր եւ համակարգային փոփոխություններով, այդ թվում դատական բարեփոխմամբ: Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը՝ դիմելով օրինագծի հեղինակ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանին:
Ընդ որում՝ Այվազյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են նրանք փորձում առաջ ընկնել վարչապետի նախաձեռնությունից: Հովակիմյանը պատասխանեց, որ այսօրվա դրությամբ՝ անգամ միջազգային կազմակերպություններն են հայտարարում այն մասին, որ ճգնաժամ կա, եւ որ այն Հայաստանին վնաս է հասցնում: Փաշինյանի համախոհը վստահ է, որ Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամը անհրաժեշտ է լուծել կարճ ժամկետում: «Ձեր նշած սահմանադրական բարեփոխումները բավականին երկար ժամանակ են պահանջում, եւ եթե մենք այսօր ձեռքներս ծալած նստենք, ապա դա անգործություն կհամարեն»,- ասաց Վահագն Հովակիմյանը՝ շեշտելով, որ նման դեպքերում չի կարելի դանդաղել: Պատգամավորն այնուհետեւ թեզ բարձրաձայնեց՝ իբր, «ժողովրդի իշխանության համար ժողովրդի փողը պետք է ավելի արդյունավետ ծախսվի՝ այդ նույն ժողովրդի իրավունքների հետագա իրականացման համար»: «Կարծում եմ, որ մենք իրավունք չունենք մի քանի անձանց թույլ տալու իրենց միջոցներով վնասել Հայաստանին»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը՝ չպարզաբանելով, թե ՍԴ դատավորներն ինչ վնաս են հասցնում երկրին:





























