ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշումը նրա պաշտպանը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գեւորգ Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը։

Հիշեցենք, որ NEWS.am-ին Սահակյանն ավելի վաղ հայտնել էր, որ միջնորդություն էր ներկայացրել Գեւորգ Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու, ինչը մերժվել էր։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են, ավելի ուշ՝ կալանավորվել։

ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսավարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է եւ միաժամանակ նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։