Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, ինչպես ավելի վաղ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի դեպքում, վերադարձնում են ակտիվ քաղաքականություն: Այս մասին փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա գնահատմամբ՝ եթե Թովմասյանը հեռանա ՍԴ նախագահի պաշտոնից, դա կդառնա քաղաքական գործոն՝ որոշակի շրջանակներին կոնսոլիդացնելու լուրջ հնարավորություններով:

«Այդ շրջանակները կլինեն ոչ միայն նախկին իշխանությունների ներկայացուցիչները, այլ նաեւ նրանք, ովքեր մտահոգ են ընթացող գործընթացներով»,- նշեց նա:

Փորձագետը հավելեց՝ իշխանությունները վաղուց շատ բան են անում, որ մեծացնեն այն անձանց ճանաչելիությունը, որոնք ժամանակին «ստվերում» են եղել:

«Համանման գործողությունները հանգեցրին նրան, որ Վազգեն Մանուկյանը մտավ ակտիվ քաղաքականություն եւ հիմնեց «Վերնատուն» ակումբը, իսկ նա լինելով լուրջ առաջնորդի կողքին՝ կարող է զգալի դերակատարում ունենալ ընդդիմադիր գործունեության մեջ: Դրանից բացի, Բանակի օրը հայտնի «մասկի շոուից» հետո ավելի ճանաչելի դարձան նաեւ մի շարք հասարակական գործիչներ, որոնց նախկինում քչերն էին ճանաչում: Ամբողջ հարցը հետեւյալն է՝ իշխանություններն արդյոք դա գիտակցվա՞ծ են անում, թե՞ ամեն ինչ տեղի է ունենում պատահականորեն»,- նշեց Վիգեն Հակոբյանը: