Հունաստանը մտադիր է դայվերների համար բացել ստորջրյա օբյեկտները, որոնք խորտակվել են դրա ջրերում XIX դարի կեսերից: Դրա շնորհիվ՝ դայվերները կկարողանան խորասուզվել այն նավի մեջ, որը կոչվում է լեգենդար «Տիտանիկի» «եղբայրը», հաղորդում է ԱՏՕՌ-ը:

Հունաստանը ձգտում է մեծացնել զբոսաշրջությունից ստացված եկամուտը եւ փնտրում է այլընտրանքներ «արեւ-ծով-ավազ»-ին: Դրանցից մեկը կարող է դառնալ դայվինգի զարգացումը՝ ներառյալ դրա այնպիսի ուշագրավ ուղղությունը, ինչպիսին է խորասուզումը դեպի ծովային աղետի հետեւանքով խորտակված նավերը, սուզանավերն ու ինքնաթիռները:

Մեկ ամսվա ընթացքում Հունաստանի զբոսաշրջության նախարարությունը երկրի խորհրդարանին կներկայացնի օրինագիծ, որը թույլ կտա այցելել այնպիսի օբյեկտներ, որոնք խորտակվել են 1860-1970 թվականների ընթացքում:

Հունաստանի իշխանությունների մտահղացմամբ՝ խորտակված օբյեկտների վայրում կստեղծվեն դայվ-այգիներ, որտեղ զբոսաշրջիկները կայցելեն հրահանգիչների հսկողության ներքո: Ներկայումս 50 տարի եւ ավելի տվաղ խորտակված օբյեկտների տարածքում խորասուզվելն արգելված է:

Հունաստանի տարածաշրջանային ջրերում մեծաքանակ նավեր կան, որոնք խորտակվել են Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին: Դրանցից ամենահայտնին «Բրիտանիկ»-ն է՝ երրորդ եւ վերջին նավը «Ուայթ Սթար Լայն» ընկերության սուպերշարքից:

«Բրիտանիկը» համարվում է «Օլիմպիկի» եւ «Տիտանիկի» «կրտսեր եղբայրը»: Ի սկզբանե նավը, որը կառուցվել է 1911 թվականի նոյեմբերի 30-ին, ցանկացել են անվանել «Գիգանտիկ», սակայն «Տիտանիկի» խորտակումից հետո որոշվել էր ավելի համեստ եւ միեւնույն ժամանակ հայրենասիրական անվանում տալ նավին՝ «Բրիտանիկ»: Նավն առաջին անգամ հայտնվել էր ջրի վրա 1914 թվականին:

Փորձագետների գնահատմամբ՝ արտաքնապես չտարբերվելով ավագ եղբայրներից, ուղեւորների համար հարմարավետության չափորոշչով «Բրիտանիկը» լավագույնն էր այդ շարքում: Դրանում հայտնվել էր եւս մեկ վարսավիրանոց, մանկական խաղասենյակ, երկրորդ դասի ուղեւորների համար հսկայական սրահ, չորրորդ վերելակ, ինչպես նաեւ պնեւմատիկ փոստ:

Սակայն ուղեւորները չէին հասցրել գնահատել նոր նավի առավելությունները: Երբ սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, այն վերակազմակերպվել եւ դարձել էր նավ-հոսպիտալ, եւ արդեն այդ կարգավիճակով էր դուրս եկել իր առաջին  ուղեւորությանը 1915 թվականի վերջում: 1916 թվականի նոյեմբերի 12-ին «Բրիտանիկը» պայթել էր ականի պատճառով Հունաստանի մերձակայքում: Չնայած նավը խորտակվել էր ընդամենը 55 րոպեի ընթացքում, մարդկանց մեծամասնությունը, որոնք գտնվել էին նավում, կարողացել էին փրկվել:

Եթե ընդունվի դայվինգի մասին օրինագիծը, բացի բրիտանական նավից, ստորջրյա ճանապարհորդությունների սիրահարների համար կբացվեն նաեւ Ju-52 գերմանական տրանսպորտային ինքնաթիռի մնացորդները, որը կործանվել էր 1943 թվականին Պարոսի ափերի մերձակայքում, ինչպես նաեւ HMS Perseus բրիտանական սուզանավի մնացորդները, որն ականի վրա պայթել էր 1941 թվականին: