Հոնկոնգի պելիտեխնիկական համալսարանի գիտնականները համակարգ են մշակել, որը թույլ է տալիս ժամում ախտորոշել մինչեւ 40 տեսակի բակտերիաներ ու վիրուսներ՝ կապված շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ կորոնավիրուսի նոր տեսակի հետ, հայտնում է South China Morning Post-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոնկոնգցի գիտնականները մշակել են նաեւ դյուրակիր սարք կորոնավիրուսի արագ ախտորոշման համար, որը, ինչպես պնդում են մշակողները, կարող է ախտորոշումը կատարել 40 րոպեում:
Պարբերականի փոխանցմամբ՝ սպասվում է, որ համակարգը բժիշկներին կօգնի կրճատել միմյանց նման ախտանիշներ ունեցող պացիենտների ախտորոշումը կատարելու ժամանակը: Այսպես, օրինակ, կորոնավիրուսի նոր տեսակը եւ շնչառական այլ հիվանդությունների որոշ տեսակներ կարող են արտահայտվել իրար շատ նման ձեւով:
«Գոյություն ունեցող թեստերը, որպես կանոն, կարող են մեկ անգամից որոշել բակտերիաների կամ վիրուսների մեկից մինչեւ երեք տեսակներ: Եթե դուք կարիք ունեք ստուգելու 40 ախտածիններ, թեստն անցկացնելու համար կա՛մ պետք է ներգրավեք 40 մարդու, կա՛մ ինքներդ այն անցկացնեք 40 անգամ»,- հայտնել է համալսարանի ներկայացուցիչ, պրոֆեսոր Թերենս Լաու Լոկ-թինը:
Թեստն անցկացնելու համար անհրաժեշտ է նյութը տեղավորել հատուկ քարթրիջի մեջ, որը հետո տեղադրվում է ավտոմատ անալիզ կատարող սարքի մեջ: Արդյունքը պատրաստ կլինի շուրջ մեկ ժամ անց: Գիտնականներն ակնկալում են, որ այս սարքի արժեքը կկազմի մի քանի հարյուր հոնկոնգյան դոլար՝ այն դեպքում, երբ գոյություն ունեցող թեստերը արժեն հոնկոնգյան 1000 դոլարից ավելի (ԱՄՆ 129 դոլար):
Դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին հիվանդության հարուցիչը՝ 2019-nCoV կորոնավիրուս: ԱՀԿ-ն բռնկումը ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Ներկայումս Չինաստանում հիվանդության հետեւանքով մահացել է 1113 մարդ, վարակման հաստատված դեպքերի թիվն անցել է 44,6 հազարից:





























