Հայաստանի իշխանություններն առաջիկա հանրաքվեի ընթացքում մեծ շեշտադրում են կատարում վարչական ռեսուրսի օգտագործման վրա: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը:

Նրա խոսքով՝ ըստ էության, գործ ենք ունենալու հանրաքվեի արդյունքների կեղծման հետ:

Թեւանյանը ողջունեց «Ոչ»-ի շտաբի ստեղծման նախաձեռնությունը՝ պարզաբանելով, որ իր պատկերացմամբ՝ այն չի քարոզելու, այլ ավելի շուտ պարզաբանելու եւ իրավաբանական աջակցություն է ցույց տալու: Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա ես համոզված եմ, որ այն ահնրաժեշտ է մերժել: Կա երեք եղանակ՝ բոյկոտ, դեմ քվեարկություն կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել:

Անդրանիկ Թեւանյանը հավելեց, որ հաշվի առնելով օրենքով պահանջվող 650 հազար կողմ ձայները՝ իշխանությունների համար դժվար կլինի դա ապահովել: Հատկապես հաշվի առնելով, որ տեղի ունեցող ամեն ինչը մեկ մարդու քմահաճույք է, հարցի ընդհանուր անորոշությունը եւ իշխանությունների վարկանիշի անկումը: «Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ,- իսկ այնտեղ եւս վարչական ռեսուրսն օգտագործվել է,- կար որոշակի էյֆորիա, այստեղ այն անբավարար կլինի»,- նշեց Թեւանյանը՝ հավելելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների վրա «պլանային պարտավորություն է դրված»:

Նրա խոսքով՝ ռեսուրսի օգտագործման մասին է վկայում նաեւ «Այո»-ի շտաբի ղեկավարի ընտրությունը: «Նախկինում սա չէ՞ որ իշխանություններն էին անում: Ինչպես հայտնի անեկդոտում՝ ոչ մի բան չի փոխվել, փոխվել են փաստաթղթերը»,- նշեց Թեւանյանը՝ հավելելով, որ արդեն խախտումների մասին տեղեկություններ կան. «Իսկ չգործող հոդվածում փոփոխություններ կատարելը ասես Կիլիկյան թագավորությունում ընդունված օրենքում կատարվող փոփոխությունների նման մի բան լինի»:

Թեւանյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ցանկանում է ժողովրդից խլել իշխանափոխությունից հետո ձեւավորված անկախ դատարանը, ինչին զուգահեռ տեղի է ունենում կապիտալի կուտակումը: «ՍԴ-ն խանգարում է, ուստի ուզում են փոխել եւ ձեւավորել սեփականը, որ հետո առանց դատարանի որոշման առգրավեն սեփականությունը, դրա համար էլ չեղարկվում է բանկային գաղտնիքը»,- նշեց Թեւանյանը՝ տեղի ունեցողը գնահատելով որպես դեմագոգիա եւ սահմանադրական կարգի տապալման փորձ: