Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է ներկայացվել 105 ծրագրային հայտ՝ 2020 թվականի սուբվենցիաների միջոցով մարզի համայնքներում իրականացնելու համար:
Կոտայքի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի մարզային իշխանությունների կողմից որպես համայնքներում կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող կարեւորագույն բաղադրիչ՝ առաջնահերթությունը տրվել է նաեւ մշակույթի տների կառուցմանն ու հիմնանորոգմանը:
Հատկանշական է, որ 2020 թվականին Կոտայքի մարզում մանկապարտեզաշինությունը շարունակվելու է՝ զուգորդվելով նաեւ մշակույթի տների կառուցմամբ:
Եվ այսպես, 2020 թվականին նախատեսվում է Վերին Պտղնի համայնքում կառուցել նոր մշակույթի տուն (այս պահին նշված համայնքում հիմքից կառուցվում է մանկապարտեզի շենք), Եղվարդ համայնքի Արագյուղ բնակավայրում վերակառուցել մշակույթի տան շենքը, Պռոշյանում, Արզնիում իրականացնել մշակույթի տների հիմնանորոգման աշխատանքներ, իսկ Քաղսի, Պտղնի, Քանաքեռավան, Հացավան համայնքների մշակույթի տներում իրականացնել վերանորոգման լայնածավալ աշխատանքներ:
Նշենք, որ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Պռոշյան, Հացավան եւ Գետամեջ համայնքներում մեկնարկել էին մշակույթի տների հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ: Հացավանում եւ Պռոշյանում մեկնարկած շինարարական աշխատանքները նախատեսվում է շարունակել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:




























