Զարմանալի չէ, որ Վրաստանը դադարեցնում է իր տարածքով ռուսական ռազմական բեռների տարանցման մասին համաձայնագիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու հավելեց. «Վրաստանը նախկինում էլ է հայտարարել, որ ցանկանում է լուծել իր տարածքով ռուսական ռազմական բեռների տարանցման խնդիրը, այնպես որ Վրաստանի իշխանությունների որոշումը նորություն չէ»:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դիմել է երկրի խորհրդարանին եւ առաջարկել դադարեցնել երկրի տարածքով ռուսական ռազմական բեռների եւ անձնակազմի տարանցման մասին 2006-ի մարտի 31-ին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը:
Վրաստանի խորհրդարանը ապրիլի 19-ին 84 կողմ ձայներով միաձայն ընդունել է այդ որոշումը: Ըստ այդմ, այս տարվա նոյեմբերին, երբ կդադարի հիշյալ համաձայնագրի գործողության ժամկետը, այն այլեւս չի երկարացվի:
Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ «Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայից հետո Վրաստանի կառավարությունը որոշել է չշարունակել այդ երկրի հետ ռուսական ռազմական բեռների տարանցման մասին համաձայնագիրը»: Նա նշել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը չի օգտվել այդ համաձայնագրով նախատեսված իրավունքից: «Վերջին անգամ Ռուսաստանը այդ հարցով Վրաստանին դիմել է 2008-ի հունիսին, սակայն մերժում ստանալով, այլեւս չի դիմել»,- ասել է Կալանդաձեն:
Հավելենք նաեւ, որ այդ համաձայնագրով ռուսական ռազմական տեխնիկան հասցվում է Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայան:





























