Ռուսական ռազմական բեռների տարանցումն իր երկրի տարածքով դադարեցնելու Վրաստանի որոշումն ընդամենն իրական իրավիճակի իրավական ձեւակերպումն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է վրացի փորձագետ Զուրաբ Աբաշիձեն:
Նա նշել է, որ ներկայումս դադարեցված համաձայնագիրը, փաստացի չի գործել 2008 թվականից, եւ փաստորեն իմաստազրկվել է: « Այնպես որ ներկայիս որոշումը դա իրական վիճակի իրավական ձեւակերպումն է», - նշեց Աբաշիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը ապրիլի 19-ին 84 կողմ ձայներով միաձայն ընդունել է 2006 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի ժամկետը լրանալուց հետո այն չերկարաձնելու մասին որոշումը: Այն վերաբերում է Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման թույլտվությանը:
Այս համաձայնագրի գործողության ժամկետն ավարտվում է այս տարվա նոյեմբերին: Վերջին անգամ Ռուսաստանը իր ռազմական բեռների տարանացման հարցով Վրաստանին դիմել է 2008-ին, սակայն մերժում ստանալով այլեւս չի դիմել:




























