Վրացի հայտնի դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հարցազրույց է տվել BBC-ին, որի ընթացքում խոսել է ռուս-վրացական պատերազմի մասին:
«Կարող էի 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո շարունակել Ռուսաստան այցելությունները, սակայն այդ ժամանակ կամաչեի անգամ նայել հայելու մեջ»,-հայտարարել է Վախթանգ Կիկաբիձեն: Վաստակավոր արտիստի խոսքով, ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի ժամանակ ամեն ինչ իր աչքով է տեսել, ինչի հետեւանքով վատ ապրումներ է ունեցել:
«Ռուսների վերաբերյալ վատ բան չեմ ասում, բայց ուղղակի ճշմարտությունը այսպիսին է` Ռուսաստանի նման մեծ ուղղափառ երկիրը ներխուժել է Վրաստանի նման փոքր ուղղափառ երկիր` վերականգնելու խորհրդային կարգերը»,-ընդգծել է Կիկաբիձեն` հավելելով, որ Ռուսաստան կվերադառնա այն ժամանակ, երբ ռուսական տանկերը լքեն Վրաստանի տարածքը: Դերասանը նշել է նաեւ, որ ուզում է Վրաստանին լավ հարաբերությունների մեջ տեսնել բոլոր երկրների հետ:
Նա նաեւ նշել է, որ շատ է սիրում ու կարոտում ռուսական մշակույթն ու ռուս հանդիսատեսին: «Թբիլիսիում դեռ շատ փախստականներ կան, ինչը չեմ ցանկանա ոչ մի ազգի»,-ամփոփելով խոսքը` հայտարարել է հայտնի դերասանը:





























