Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել մի որոշման նախագիծ, որով հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը պետք է նշվի որպես գյուղատնտեսության աշխատողի օր։ Օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 16-ին նշվում է «Պարենի համաշխարհային օրը»:
Որոշումը կառավարության նիստում կքննարկվի ապրիլի 21-ին։
Ըստ գյուղնախարարության ներկայացրած տեղեկանքի՝ գյուղատնտեսությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկը: Գյուղատնտեսությանը բաժին է ընկնում երկրի համախառն ներքին արդյունքի 17 տոկոսը, զբաղվածության` 44 տոկոսը:
Գյուղական բնակավայրերում է բնակվում հանրապետության բնակչության 36 տոկոսը, որոնց եկամուտների գերակշռող մասն ապահովվում է գյուղատնտեսական գործունեության արդյունքում: Հանրապետության 915 համայնքից 866-ը գյուղական են:



























