Սիրիայի կառվարությունն ապրիլի 19 –ին արգելել է ցանկացած զանգվածային ակցիայի անցկացումը երկրում:

Երկրի ներքին գործերի նախարար Մուհամեդ ալ Շաարը դիմել է բնակիչներին` հորդորելով ձեռնպահ մնալ տարբեր երթերի, ցույցերի կամ ժողովների մասնակցելուց, գրում է Lenta.ru-ն:

Նա նախազգուշացրել է, որ օրինախախտների նկատմամբ օրենքը կկիրառվի ողջ խստությամբ` հանուն  մարդկանց անվտանգության եւ երկրի կայունության:  Օրենքը նախատեսում է խիստ պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, ովքեր կվտանգեն  երկրի «կայունությունն ու խաղաղությունը»:

Նախարարի հայտարարությունը հաջորդել է Հոմս քաղաքում ապրիլի 18-ին  տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների հետեւանքով տասնյակ մարդիկ սպանվել եւ վիրավորվել էին: