Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) բացված թեժ գծով ոչ ոք դիմում-բողոք չի ներկայացնում։ Ապրիլի 20-ին Երեւանում մրցակցության խնդիրներին նվիրված կլոր սեղանի ընթացքում ասել է Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովի թեժ գիծը բացվել է 2009 թ. հուլիսի 2-ին։ Թեժ գծի համարն է՝ 54-39-85։

Ըստ Ա. Շաբոյանի՝ Հանձնաժողովը վարույթներ հարուցելիս ավելի շատ հիմնվում է լրատվամիջոցների հրապարակումների վրա։

Հանձնաժողովի անդամ Աշոտ Իսկանդարյանը, անդրադառնալով NEWS.am-ի այն դիտարկմանը, որ լրատվամիջոցները վարույթի ներքո գտնվող ընկերություններից միշտ չէ, որ կարողանում են տեղեկատվություն ստանալ, պատասխանեց, որ տեղեկատվության ստացման խնդիր ունի նաեւ Հանձնաժողովը։

«Շատ դեպքերում մեզ տեղեկատվություն չեն տալիս, տալիս են ուշացումով կամ աղավաղված։ Սակայն օրենքում կատարված փոփոխությամբ պատժամիջոցները խստացվել են այն աստիճան, որ տնտեսվարող սուբյեկտը պետք է ծանրութեթեւ անի՝ արժե՞ արդյոք խուսափել տեղեկատվության տրամադրումից»,- ասաց Ա. Իսկանդարյանը։