Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արմավիրի մարզի գյուղացիներին պարտք չունի: Ապրիլի 20-ին Շիրակի մարզի Ամասիայի շրջանի Բերդաշեն համայնքում` Արփի լճի տարածքում, Ազգային պարկ այցելության ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը`պատասխանելով հարցին, թե ե՞րբ է պատրաստվում վճարել իր սեփական գործարանում գյուղացիներից մթերած պոմիդորի դիմաց: «Նման բան չկա ես ոչ մեկին էլ պարտք չեմ, դրանք սուտ լուրեր են»,-հայտարարել է Սերգո Կարապետյանը:
Անրադառնալով Ռուսաստանից ներկրված գարու սերմացուին, նախարարը հայտարարել է, որ շուտով գարին կբաժանեն տնտեսություններին:
Իսկ հարցին, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ Շիրակի մարզում գարու սերմացու հասել է այն գյուղերին, որոնց գյուղապետերը ՀՀԿ-ից են, գյուղատնտեսության նախարարը պատասխանել է. «Չգիտեմ, նման բան կա՞ արդյոք: Գիտեք ինչ, մենք տվել ենք մարզերին, իրենք են բաժանողը`մեր վերահսկողությամբ: Ստացել են առավել աղքատ, խոցելի տնտեսությունները, ուրիշ չափման միավոր չի գործել»:
Իսկ սերմացու գարին արդյոք լավ բերք կտա՞ եւ որքա՞նով դրան կնպաստեն այդ հարցում գյուղատնտեսության նախարարությունում ներգրավված հոգեւորականները, հարցին Սերգո Կարապետյանն, ըստ էության, չի պատասխանել, նշելով. «Ես դա համարում եմ անլուրջ, չեմ պատասխանում նման հարցերի»:




























