Մոսկվացի դպրոցական Սերժ Հարությունյանին մի քանի մարդու սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», նախաքննչական մարմնի համաձայն, ապրիլի 11-ին 9-րդ դասարանցի 16-ամյա Սերժ Հարությունյանը իր բնակարան է հրավիրել 10 հասակակիցների։ Դեռահասները սպիրտային խմիչքներ են օգտագործել։ Ընթացքում առաջացած վեճի ժամանակ Հարությունյանը դանակով ծանր վիրավորել է 16-ամյա Ուլյանա Սելեզնյովային եւ Գլեբ Բաշիրովին, 15-ամյա Անտոն Գրեկովին, 13-ամա Միխայիլ Պետրովսկուն։ Ապրիլի 20-ի տվյալներով, հիվանդանոցից դուրս է գրվել տուժածներից միայն մեկը՝ Միխայիլ Պետրովսկին։
Անվնաս մնացած մյուս պատանիները նշում են, որ դեպքից հետո Հարությունյանը փորձել է ցած նետվել 11-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից։ Մեղադրյալը, սակայն, հավաստիացնում է, որ ոչինչ չի հիշում, եւ հետեւաբար իրեն մեղավոր չի ճանաչում։ Դատարանը կալանավորել է Հարությունյանին։ Դպրոցականի դատապաշտպան Սամվել Ելիյանը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն նրա բողոքարկումը չի բավարարվել։
«ВКонтакте» սոցիալական կայքում Հարությունյանի պաշտպանության խումբ է ստեղծվել, որի անդամներն են Հարությունյանի մտերիմները: Նրանք նշում են, որ Հարությունյանը հանգիստ եւ խաղաղ բնավորություն ունի։ Ըստ խմբի անդամների՝ իրականում «դեբոշի» հեղինակը Գրեկովն է եղել, իսկ Հարությունյանը փորձել է պաշտպանել Ուլյանա Սելեզնյովային։
Խմբի անդամները հայտնում են, որ խմբին սպառնում են Հարությունյանի համադասարանցի ազգայնամոլները։ Մոսկվայի թիվ 365 դպրոցի տնօրենը եւ տուժածների մեծ մասը հրաժարվել են լրագրողներին տեղեկություններ հաղորդել Հարությունյանի մասին։ Լրատվամիջոցներում, սակայն, լուրեր են շրջանառվում, որ Հարությունյանն ագրեսիվ վարքի տեր է։ Մեկ տարի առաջ նա ծեծել է դպրոցի պահակին, իսկ մի անգամ էլ հարձակվել է պատահական անցորդի վրա, որը հրաժարվել է իր համար ծխախոտ գնել։ Հարությունյանի մայրը՝ Կարինեն, չի վիճարկում որդու մեղավորության կանխավարկածը։ «Ես չգիտեմ, թե տանն ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է որդիս դանակը վերցրել եւ սկսել դանակահարել բոլորին»,- ասել է նա։





























