Հայաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը, նշանակում է համագործակցել Ռուսաստանի հետ: Այս մասին վրացական «Պիրվելի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի անվտանգության քաղաքականության փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին: Նրա խոսքով, այս առումով, Վրաստանի կառավարության կատարած գործողությունները անտրամաբանական են: «Ես ուղակի ապշած եմ այն հանգամանքով, որ Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան իր Հայաստան կատարած այցելության ժամանակ հայտարարել է, թե նա Հայաստան է ժամանել կիսելու այդ երկրի ռազմավարական փորձը»,-նշել է փորձագետը:

Նրա կարծիքով, Վրաստանի կողմից Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը անտրամաբանական է այն պատճառով, որ Վրաստանը չպետք է ներքաշվի Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ, քանի որ դա կարող է նյարդայնացնել Հայաստանի հակառակորդին կողմին, եւ շատ վատ կլինի, որ Վրաստանի ռազմավարական եւ տնտեսական գործընկեր Ադրբեջանն այդ ամենը Վրաստանի կողմից թշնամական քայլ համարի:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակաշրջանում, իրար հետեւից Հայաստան են ժամանել Վրաստանի ՆԳ եւ պաշտպանության նախարարներ Վանո Մերաբիշվիլին եւ Բաչո Ախալայան: