Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեն չվճարված հարկեր, հնարավորություն կստանան ազատվել դրանց նկատմամբ հաշվարկված տույժ ու տուգանքներից, եթե առաջիկայում ամբողջությամբ մարեն հարկային պարտքը։ Դա հնարավոր կլինի, եթե Ազգային Ժողովն առաջիկայում հավանություն տա այսօր՝ ապրիլի 21-ին կառավարության նիստում ընդունված նախագծին։

2010թ. հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողներն ունեին ավելի քան 210 մլրդ դրամ չմարված հարկային պարտավորություններ, որոնցից ապառքների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 104 մլրդ դրամ,  հաշվարկված տույժերը` 72 մլրդ. դրամ, տուգանքները` 34 մլդ դրամ:

Առաջարկվող նախագծով սահմանվում է, որ եթե տնտեսվարողները մինչեւ 2011 թ. օգոստոսի 20-ը դիմեն հարկային մարմնին, ապա կսահմանվի հարկերը մարելու ժամանակացույց՝ առանց տույժերի ու տուգանքների։  

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ սա, ըստ էության, հարկային ամնիստիա է, որը նաեւ կօգնի համալրել բյուջեն։