Վաղը` ապրիլի 22-ին, ժամը 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հարակից տարածքում բողոք ցույց են անելու «Դավիթբեկյան ուխտեր»,«Երիտասարդության կամք»,«Հայրենապաշտ» երիտասարդական հասարակական կազմակերպությունները` ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման պահանջով: Նրանք նաեւ ստորագրահավաք են նախաձեռնել եւ ցանկանում եմ, որ իրենց բողոքի մասին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտնի իր երկրին` ԱՄՆ-ին:
Այսօր`ապրիլի 21-ին, նրանց տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Մենք պայքարում ենք իրողությունը համայն մարդկությանը հասու դարձնելու համար: Դուք, հարգարժան դեսպան քաջատեղյակ եք, որ երկու տասնյակից ավելի երկրներ արդեն ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն աշխարհին «խաղի կանոններ» թելադրող Ձեր գերհզոր դեմոկրատական հռչակված երկիրը մինչեւ այսօր չկա այդ ցուցակում: Սովորական է դարձել, որ Ձեր քաղաքական առաջնորդների համարձակությունը`մարդկության դեմ գործած ամենածանր եւ զազրելի հանցանքի դատապարտման հարցում, սահմանափակվում է նրանց նախընտրական գործընթացների ծրագրերում արված երկիմաստ հիշատակումների մատուցմամբ»,- հայտարարել են կազմակերպությունները:





























