Այն հարկ վճարողները, որոնք 2008 թ. հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չեն ներկայացրել, կամ հարկեր չեն վճարել, կառավարության կողմից կլուծարվեն։ Այսօր՝ ապրիլի 21-ին կառավարությունը հավանություն է տվել «2008 թ. հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։

ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետ Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ հարկային մարմիններում հաշվառված են մոտ 145 հազ. հարկ վճարողներ, որոնցից 70 հազարը տարիներ շարունակ գործունեություն չեն իրականացնում։ Արդյունքում՝ խեղաթյուրվում է Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնողների թվաքանակը, պետական մարմիններն իրականացնում են ավելորդ վարչական (վերահսկողական) ծախսեր։