Ադրբեջանական պատվիրակության հայտարարությունը, թե Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին բարձրացնելու են Մեծամորի ատոմակայանի հարցը, անակնկալ չէ այն իմաստով, որ ադրբեջանական մամուլը վերջին շրջանում պարզապես «եռում» է Հայկական ատոմակայանի վտանգավոր լինելու մասին հրապարակումներով, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:

Նա հաղորդել է, թե ադրբեջանական մամուլի «մշտական երգերին»` Լեռնային Ղարաբաղի եւ փախստականների մասին, ավելացավ եւս մեկը` Հայկական ատոմակայանի մասին:

«Ի դեպ, ադրբեջանցիները փորձեցին այդ հարցը բարձրացնել նաեւ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանին»,- ասել է Զոհրաբյանը եւ հավելել, որ եթե ադրբեջանական պատվիրակությունը նման հարց նախաձեռնի, համարժեք պատասխան կստանա հայ պատվիրակներից:

Ըստ Զոհրաբյանի, ադրբեջանա-թուրքական տանդեմի քայլերը երբեմն հարուցում են եվրոպացիների ծիծաղը: