Ճանապարհային շինարարության հենց մեկնարկին արդեն իսկ բիտումի որոշակի քանակ ներկրելու կարիք կա: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ առաջարկելով փոխվարչապետներից մեկի մոտ քննարկման առարկա դարձնել այդ հարցը:

Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. ««Կարծեմ բիտումի որակի հետ կապված էլ խնդիր ունեինք: Պետք է առիթն օգտագործել, որ մեր շուկայում ճանապարհաշինարարական աշխատանքներում ավելի որակյալ բիտում օգտագործվի, մեր շուկաներն այդ առումով դիվերսիֆիկացնենք, որպեսզի ճանապարհաշինության որակի վրա դրական ազդեցություն ունենա»:

Նա հետաքրքրվեց, թե ինչ վիճակում են ճանապարհաշինական ծրագրերը, ինչին Պապիկյանը պատասխանեց. «Այս տարի պետական բյուջեով նախատեսված հիմնանորոգման ծրագրերից 244 կմ-ից 228-ն արդեն իսկ հայտարարված են: Այսօր եւ վաղը ամբողջ 244-ը կավարտվի, ունենք փոխանցիկ ճանապարհներ, որոնք արդեն կարող են մեկնարկել: Աշխատանքներ են տարվում, որ մրցույթի դրվեն նաեւ միջին ճանապարհները, նաեւ Համաշխարհային բանկի ծրագրով իրականացվող ծրագրերը»: