Երկրում ատելության մշակույթի ձեւավորման պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրա է։ Այս մասին մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում ատելության կոչերի քրեականացման օրենսդրության քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի վարչապետի ելույթից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը հիշատակեց հակապետական ուժերին, ինքը սկսեց ստանալ բազմաթիվ նամակներ, որոնցում իրեն մեղադրում էին հակապետականության մեջ։
«Դրանք բոլորը ձեր կողմնակիցներն են։ Նրանք ձեզ աջակցում են եւ փորձում են խլացնել ձեր հասցեին քննադատությունը։ Դրան գումարվում են Youtube-ի ձեզ աջակցող ալիքները, որոնք հոլովակներ են պատրաստում։ Իսկ դուք ամեն օր ասում եք, թե մեդիա չունեք։ Կեսմիլիոնանոց ալիքները ամեն օր զբաղված են ձեր ընդդիմադիրներին սեւացնելով եւ ոչնչացնելով։ Ո՞վ է պատասխան տալու դրա համար»,- հայտարարեց Մարուքյանը։
Խորհրդարանականն ասաց, որ ոչ մի անգամ իշխանությունները չեն դատապարտել այդպիսի երեւույթները, քանի որ դա նրանց համար շահավետ է։ Այդ համատեքստում Մարուքյանը նշեց, որ օրենքում խոսվում է քաղաքական հայացքների տարանջատման հիման վրա բռնության կոչերի մասին։
«Հոդվածը սկսում է աշխատել միայն այն ժամանակ, երբ այն դադարում է շահավետ լինել իշխանությունների համար եւ ծառայում է այն բանին, որպեսզի ստիպի քաղաքական ընդդիմադիրներին լռել»,- ընդգծեց քաղաքական գործիչը։





























