ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ավելի քան 3 ժամ տեւած տետ-ա-տետ բանակցությունների մասին, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Նրա խոսքով՝ տետ-ա-տետ բանակցություններից հետո նրանց են միացել երկու երկրների պատվիրակությունները:

«Զրուցել են 3 ժամ, կես ժամ էլ՝ պատվիրակությունների հետ»,- ասել է Պեսկովը:

Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը մեկնարկել էր Կրեմլում Մոսկվայի ժամանակով ժամը 14:06-ին: Հանդիպման հիմնական թեման Իդլիբի իրավիճակի քննարկումն էր: Բանակցություններից առաջ ՌԴ նախագահը հայտարարել է ստեղծված իրավիճակի շուրջ իր թուրք գործընկերոջ հետ զրուցելու անհրաժեշտության մասին, որպեսզի նման բան տեղի չունենա եւ չխարխլվեն ռուս-թուրքական հարաբերությունները: Էրդողանը վստահություն է հայտնել, որ քննարկումը կթեթեւացնի Իդլիբի իրավիճակը:    

Իդլիբում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները խոշորամասշտաբ հարձակում են սկսել սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա: Սիրիայի բանակը պատասխան կրակ է բացել: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ գնդակոծության են ենթարկվել այդ թվում նաեւ թուրք զինվորականները, որոնք չպետք է այնտեղ գտնվեին: Արդյունքում զոհվել է Թուրքիայի բանակի 36 զինվորական, վիրավորվել՝ ավելի քան 30-ը: