Մեր կուսակցությունը տարբերվում է նրանով, որ իրեն հաջողվել է մի կողմ դնել այս կամ այն քաղաքական հակասություններն ու համահայկական օրակարգի շուրջ համագործակցել պետության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում ընդդիմադիր կուսակցությունը կամ պետք է իշխանությունների հետ թաքուն հանդիպեն կամ եթե դա բացահայտ է տեղի ունենում, նրանք քննդատության են ենթարկվում: «Սակայն Դաշնակցությունը չի վախենում այդ քննադատությունից»,- նշեց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կուսակցության ներկայացուցիչների հանդիպմանը՝ Սաղաթելյանը պարզաբանեց, որ քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Սեւրի պայմանագրի 100-ամյակի առթիվ միջազգային համահայկական համաժողովի կազմակերպումը, ղարաբաղյան հարցը եւ այլն:

«Տնտեսական հարցեր չեն քննարկվել, քանի որ հանդիպման օրակարգում նման հարցեր չկային»,- նշեց նա՝ հավելելով, որ ներքաղաքական հարցերով կուսակցության հայացքները չեն փոխվել նաեւ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, եւ Դաշնակցությունը շարունակում է մնալ ընդդմիություն: