Ես շատ լավ եմ վերաբերվում պարգևավճարին։ Բայց մենք պետք է պարգևավճարի ինստիտուտի իմաստը չխեղենք։ Այս մասին այսօր՝ մարտի 6–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Այո,պետք է պարգևավճար լինի, որովհետև ցանկացած բարեխիղճ աշխատանք պետք է խրախուսվի։ Բայց ո՞վ է ասել, որ եթե մի նախարար պարգևատրվում է, ուրեմն մյուս տասնմեկն էլ պիտի պարգևատրվեն։ Նեղանալը իրավական կատեգորիա չէ»– հայտարարեց նա՝ հավելելով. «Հիմա էլ մենք՝ ես, իմ գործընկերները պարգևատրվում ենք, մեկը գա ասի՝ կոնկրետ ինչի համար եք պարգևատրվում, մենք կհանենք, կդնենք, ցույց կտանք հատ առ հատ, թե կոնկրետ ինչ պարտավորություններ ինչ մակարդակով ենք կատարել։ Բայց եթե նախարարին պարգևատրում են, որ էն մյուսը չնեղանա՝ սա պետական բյուջեի անտնտեսվար օգտագործում է։ Նեղանալուց առաջ նա պիտի փորձի ոլորտում զարգացում արձանագրել»։
Ինչ վերաբերում է խտրական մոտեցմանը, ապա «առաջին հերթին դա իշխանության խնդիրն է՝ խտրականության մոտեցում վերացնելը։ Իշխանությունը պետք է տարբերակված, անհատական մոտեցում ցուցաբերի։ Այդ դեպքում դա խթան կլինի, որ ամեն գերատեսչություն իսկապես փորձի արդյունք ապահովել, որ արժանանա պարգևատրման, ոչ թե գերատեսչությունը ձեռքերը ծալած նստի ու սպասի պարգևատրման»։
Այս համատեքստում Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակին՝ նշելով, որ ստեղծման օրից դեռ տարեկան արդյունք չամփոփած՝ 7 ամսվա ընթացքում 82մլն դրամ պարգևավճար են ստացել։
«Այս գրասենյակի որևէ աշխատակցի ստեղ եղողներից ոչ մեկը չի ճանաչում։ Բայց մարդիկ պարգևատրվել են՝ սուսուփուս իրենց պարգևատրումներին տեր են կանգնում։ Դրա համար երբ ասում են՝ ժողովրդից թալանվածը՝ ժողովրդին, ժողովուրդը պետք է իրավունք և հնարավորություն ունենա վերահսկել պետական բյուջեի միջոցների ծախսը։ Ժողովուրդը երբևէ որևէ մեկին չի լիազորել սեռաշեղվածների համար 20 մլն դրամ հատկացում անել պետբյուջեից, կամ մետրոների կայարաններում տռճիկ տալու համար 2մլն դրամ հատկացնել։ Ժողովուրդը խաբարա՞ էս ամենից»։





























