Այս ուսումնական տարեսկզբից ՀՀ կրթական համակարգում կգործի «Այբ» ավագ դպրոցը, տեղեկացնում է «Առավոտ»-ը։ Վերջինիս գաղափարը որքան հետաքրքրել, այնքան էլ վախեցրել է շատ ծնողների եւ աշակերտների։ Պատճառն այն է, որ այս դպրոցում սովորելու համար տարեկան վարձավճարը կազմում է 2 250 000 դրամ, որը կազմում է շուրջ 6000 դոլար:

Ներկայում ՀՀ-ում չկա մի ուսումնական հաստատություն, նույնիսկ բարձրագույն, որն այսքան բարձր վարձավճարով գործի։ Այս եւ հարցերի վերաբերյալ «Առավոտը» պարզաբանումներ է ստացել  «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանից։

Նա նշել է. «Իրոք, ուսման վարձը հայկական այլ կրթական հաստատությունների համեմատությամբ բարձր է։ Սակայն հաշվարկել ենք, թե երեխաների համար որակյալ ուսուցում, պայմաններ ապահովելու համար ինչ է պետք եւ ստացել ենք այդ գումարը։ Ավելին, մենք նպատակ չունենք շահույթ ստանալու։ Սակայն մյուս կողմից էլ մեր դպրոց ընդունվելու թիվ մեկ պայմանը երեխայի գիտելիքն է, այդ դեպքում երեխայի ֆինանսական վիճակը հաշվի չի առնվում։ Եթե պարզվի, որ տվյալ երեխան անվճարունակ է, մենք պատրաստ ենք ընդհուպ մինչեւ հարյուր տոկոսով հոգալ նրա ուսման վարձը։ Սակայն եղել է նաեւ ծնող, որը ասում է, թե կարող է վճարել նույնիսկ տասն անգամ ավելի գումար, սակայն չի ուզում երեխայի կրթության վրա այդքան գումար ծախսել։ Իհարկե, ռացիոնալ մտածելակերպի մեջ այս գաղափարը չի տեղավորվում։ Հարց կառաջանա, թե ինչի՞ համար ենք մենք դա անում, քանի որ բիզնեսի տեսանկյունից դա աբսուրդ է։ Սա սոցիալական խնդրի բացարձակ լուծում է»։

Դպրոցի գործադիր տնօրենն ասել է, որ այս ուսումնական տարի «Այբ» ավագ դպրոցը կընդունի մինչեւ 100 երեխա, իսկ ներկայում ստացվել է 150 հայտ: Նա նաեւ նշել է, որ դպրոցը բոլորի համար է: «Մենք հանրակրթական դպրոց չենք, որ տարածքի բոլոր երեխաները գան մեզ մոտ: Կրթության իմաստով` այո, էլիտար ենք: իհարկե, շատերը կմտածեն` ուսման այդ վարձի պարագայում միայն օլիգարխների երեխաները կսովորեն դպրոցում, սակայն վստահեցնում եմ, որ չի լինի մի դեպք, որ երեխան ընդունվի դպրոց զուտ իր ֆինանսական հնարավորությունների շնորհիվ»: