Այսօր պարզվեց, որ մի տեւական ժամանակ է, ինչ վրացական իշխանություններն ինձ զրկել են Վրաստան մուտքի իրավունքից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան, կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իհարկե, որեւէ հոդաբաշխ բացատրություն չկա եւ չի կարող լինել: Եթե բացառենք թուրքական եւ թորքական միաջամտությունը, ապա այս հանգամանքը կարելի է կապել իմ գրած երեք տարբեր գիտական հոդվածների հետ, որոնք այս կամ այն չափով առնչվում են Վրաստանի հետ:

Ես երբեք որեւէ վիրավորկան կամ կեղծ խոսք չեմ ասել կամ գրել ոչ Վրաստանի եւ ոչ էլ վրաց ժողովրդի հասցեին: Այո տպագրել եմ եւ տպագրելու եմ փաստաթղթեր եւ փաստեր, որոնք կարող են ոմանց, այդ թվում նաեւ վրաց որոշ իշխանավորների, դուրը չգալ: Բայց դա իմ խնդիրը չէ: Եթե իրենք համաձայն չեն այդ փաստերի կամ փաստաթղթերում առկա տեղեկատվության հետ՝ կարող են հակադարձել նույնքան գիտականորեն: Բայց XXI դարում փորձել սահմանափակել գիտական միտքը եւ ազատ խոսքը՝ բնավ վայել չէ իրեն ժողովրդավար համարող երկրին:

Ուզում եմ ընդգծել՝ ես շարունակելու եմ իմ գիտական, քաղաքագիտական եւ հասարակական գործունեությունը եւ ազատորեն արտահայտվելու եմ:

P.S. Ձեր բարեկամներից թշնամիներ մի սարքեք:

Բաթումն էլ կարող եք պահել ձեզ՝ ես նախընտրում եմ հանգստանալ Կարիբյան ծովում»: