ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչը 2019թ. օգոստոսի 19-ին՝ կեսօրին, նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղարաքոթուկ» կոչվող հանդամասում համագյուղացու ծննդյան տարեդարձի խնջույքի ընթացքում, ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր բարեկամի՝ համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս սպանության սպառնալիքներ է հնչեցրել եւ կացարանի մոտ գտնվող խոտ հավաքելու համար նախատեսված եռոտանիով դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառել նրա առողջությանը: Խնջույքի մասնակիցների միջամտությամբ վիճաբանությունը դադարել է, եւ նրանք հեռացել են:
Այնուհետեւ, վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նա գնացել եւ ճանապարհին հանդիպել է իր հետ վիճած բարեկամին, եւ նրան ապօրինաբար կյանքից զրկելու առերեւույթ դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած գերանդիի սուր հատվածով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նախորդ օրը ստացած վնասվածքներից մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:




























