Բոլոր պարգեւատրումները տրվել են ըստ օրենքի եւ սեփական խնայողությունների հաշվին, եւ այս երեւույթի մեջ որեւէ վատ բան չկա, քանի որ սա մարդկանց պարգեւատրումն է իրենց աշխատանքի համար: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետը չի նշել մարզպետարանի աշխատակիցներին տրված պարգեւավճարների չափը` նշելով, որ 107 մարդ աշխատանք է կատարում 127-ի փոխարեն, քանի որ 20 թափուր աշխատատեղ դեռ համալրված չէ: «Ինչ-որ տեղ խնդիրն այն է, որ դժվար է գտնել այնպիսի կադրեր, որոնք կհամապատասխանեին պահանջներին, ինչ-որ տեղ խնդիրը կապված է ցածր աշխատավարձի հետ: Օրինակ, առաջին կարգի մասնագետը 77 հազար դրամ է ստանում`՝ չնայած այն հանգամանքին, որ սա գրասենյակային աշխատանք չէ, այլ` ակտիվ աշխատանք տեղերում: Բացի վերը նշված գործոններից, որոշ թափուր աշխատատեղեր 20-25 տոկոսով չեն լրացվել սպասվող օպտիմիզացիայի ֆոնին, ուստի նպատակահարմար չէր աշխատակիցների ընդունել, ապա` կրճատել»,- պարզաբանեց նա: