Ես մշտապես հանդես եմ եկել պետական ինստիտուտների ամրապնդման օգտին եւ երբեք որեւէ մեկի դեմ դեմարշ չեմ իրականացրել, այդ թվում՝ Աբովյանի քաղաքապետի դեմ: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որի առաջադրած թեկնածուն անցյալ տարի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պարտվել էր:

Պետրոսյանի հավաստիացմամբ՝ քաղաքապետի հետ անձնական կոնֆիլկտներ նույնպես չեն եղել: «Հակառակը՝ անձնական կապերի միջոցով նրան բազմիցս գործողությունների կոչ եմ արել, որ օրենքի շրջանակում խնդիրների չբախվի եւ քաղաքական շահարկումներ թույլ չտա: Սակայն պատիվ չի բերում իրավիճակը, երբ մարզում, որի ղեկավար եմ նշանակվել ես, տեղի են ունենում անօրինական գործողություններ կամ տեղ է գտնում անգործությունը»,- նշեց նա:

Ռոմանոս Պետրոսյանը հավելեց, որ Աբովյանի քաղաքապետն իրականությունն աղավաղում է, մեղադրանքն առաջադրվել է 4 պետական, ներառյալ իրավապահ մարմինների կողմից իրավիճակի վերլուծության արդյունքում՝ հաշվին առնելով, որ Գեւորգյանն, ըստ էության, պարտավորություններ է ստանձնել, որոնք դրված են մարզպետի վրա: «Կառուցվող 19 շենքերից միայն 6-ն են կառուցվում սեփականատիրոջ հողի վրա, իսկ մնացյալ 13-ը կառուցվում են համայնքային հողերի եւ երրորդ անձանց հողերի վրա, ընդ որում՝ առանց համապատասխան թույլտվությունների: Քաղաքապետը պետք է միջոցներ ձեռնարկեր, ինչը չի արել: Աշխատանքային խմբի գնահատմամբ՝ շինարարական ընկերությունները պետք ՝ վարչակազմի բյուջե վերականգնեն 150-ից մինչեւ 600 մլն դրամ»,- ընդգծեց մարզպետը:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածով (ծառայողական անփութություն), որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Մեկ տարի առաջ Գեւորգյանը «Բարգավաճ Հայաստանի» աջակցությամբ քաղաքապետի ընտրություններում հաղթել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության թեկնածուին: