Փոքր եւ միջին բիզնեսի շուրջ 80 տոկոսը պնդում է, որ աշխատում է երկրի առեւտրային բանկերի հետ: Այս մասին այսօր` մարտի 10-ին, ասաց «Ամերիաբանկի» զարգացման տնօրեն Տիգրան Զրբաշյանը` ներկայացնելով «Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ներկայիս վիճակը եւ հեռանկարները» ուսումնասիրությունը:
Նրա խոսքով` 2013 թվականից ի վեր բանկերի ծառայություններից օգտվող ՓՄՁ-ների մասնաբաժինը գրեթե չի փոխվել: «Միջին բիզնեսի գրեթե 100 տոկոսն աշխատում է բանկերի հետ, 95 տոկոսը փոքր ընկերություններն են, տպավորիչ է նաեւ միկրոբիզնեսի համագործակցությունը, հատկապես` Երեւանում: Փաստացիորեն, որքան մեծ է ընկերությունը, այնքան ավելի հավանական է համագործակցությունը բանկերի հետ»,- հայտարարել է նա:
Սրա հետ մեկտեղ, ուսումնասիրությունը ՓՄՁ-ների եւ բանկերի միջեւ համագործակցության զգալի բարելավում է ցուցադրել 2013-ի համեմատ: «ՓՄՁ-ի ներկայացուցիչները շատ ավելի գոհ են բանկերից, քան 2013-ին էր: Սա նաեւ այն բանկերի քաղաքականության փոփոխության հետեւանք է, որոնք սկսել են ՓՄՁ-ները կարեւոր եւ հետաքրքիր հաճախորդներ համարել»,- հայտարարեց նա:
Բացի տոկոսադրույքից, բանկերի հետ համագործակցության հարցում ՓՄՁ-ները կարեւորում են ծառայությունների մատուցման պայմանների արագությունը եւ պարզությունը` հիմնականում վարկերի տրամադրման: Ընդհանուր բանկերի կողմից ոլորտ 2 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրվել:
Վարկերի կեսից ավելին` 56-58 տոկոսը, տրվել է գրավի դիմաց, նշեց նա` հավելելով, որ դա վկայում է այն մասին, որ ՓՄՁ-ները գրավային միջոցներ ունեն: Սակայն այս տեսակետից որոշակի դժվարությունների են բախվում միկրոբիզնեսի ներկայացուցիչները: Այնուամենայնիվ, անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գրավով վարկերը տրամադրվում են մեծ ծավալով եւ ավելի ձեռնտու պայմաններով` ինչպես մարման ժամկետների, այնպես էլ տոկոսադրույքների առումով:




























