Հայաստանը 54 երկրների շարքում երրորդն է այն մարդկանց թվով, որոնք «կարծում են, որ մնացածներն իրենց նորարարներ են համարում»: Այս մասին այսօր հայտարարել է «Ամերիաբանկի» զարգացման տնօրեն Տիգրան Զրբաշյանը` ներկայացնելով Global Enterpreneurship Monitor-ի ուսումնասիրությունը:
Նա տեղեկացրել է, որ «Ամերիա» ընկերությունն այս տարի առաջին անգամ մասնակցել է Global Enterpreneurship Monitor-ի ուսումնասիրության շրջանակներում ազգային զեկույցի պատրաստմանը: Նա շեշտել է, որ զեկույցը նախատեսվում է հրապարակել այս տարվա ապրիլին: Միեւնույն ժամանակ, Զրբաշյանը ներկայացրել է ուսումնասիրության առավել հետաքրքիր հատվածները:
«Հայաստանը երրորդ տեղում է այն մարդկանց թվով, ովքեր հայտարարում են, որ, ուրիշների կարծիքով, իրենք նորարարներ են: Բնականաբար, այդպես կարծելու հիմք չկա: Սակայն դա դրական ցուցանիշ է, քանի որ թույլ է տալիս հուսալ, որ մենք ինչ-որ բանի կհասնենք»,- հայտարարել է նա:
Հայաստանը նաեւ 14-րդ տեղն է զբաղեցնում այն մարդկանց թվով, ովքեր պատրաստ են իրենց փողը տրամադրել մեկ այլ անձի` բիզնես սկսելու համար: «Խոսքը ոչ պաշտոնական ներդրումների մասին է` ընկերոջ կամ հարազատին փող տալու մասին»,- ասել է նա` հավելելով, որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարցվածների 7.9 տոկոսը բոլորովին վերջերս գումար է տրամադրել մեկ այլ անձի:
Հայաստանում դրական արդյունքով բիզնեսից դուրս եկած ձեռնարկատերերի մասնաբաժինը բավականին ցածր է: Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 41-րդ տեղը այն երկրների շարքում, որտեղ անցկացվել է ուսումնասիրությունը: «Բիզնեսից դուրս գալը մենք Հայաստանում որպես ողբերգություն ենք ընկալում, ինչը կարեւոր խնդիր է: Մենք բիզնեսից դուրս գալու մշակույթ չունենք: Բիզնեսից դուրս գալը շատ ավելի դժվար է, քան մուտք գործելը: Եվ դա շատերին է խանգարում բիզնես սկսել»,- հայտարարեց նա:
Հայաստանն այն չորս երկրներից մեկն է, որտեղ բիզնես սկսելիս ձեռնարկատերերը նպատակ չեն դնում փոխել աշխարհը, այլ առաջնորդվում են բացառապես ֆինանսական շահույթի ապահովման նպատակներով: «Բիզնես սկսելու մի քանի դրդապատճառ կա՝ փոխել աշխարհը, փոխել միջավայրը, փոխել ընտանիքի վիճակը, շահույթ ապահովել: Մեզանից ավելի քիչ, ուսումնասիրության համաձայն, աշխարհը փոխելու ցանկություն ունեն միայն Իտալիայում, Կորեայում եւ Մադագասկարում, մենք չորրորդն ենք: Իրականում «փող աշխատելու» նպատակն ամենաթույլ շարժառիթն է: Հաջողակ են հենց այն երկրներն ու հասարակությունները, որոնք իրենց առջեւ դնում են աշխարհը փոխելու նպատակը»,- հայտարարել է Զրբաշյանը:





























