«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը անցումային արդարադատության տարր է եւ պետք է գործի ժամանակի սահմանափակ հատվածում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Ամերիաբանկի» զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

Խոսելով երկրում իրավիճակի՝ առաջիկա հանրաքվեի եւ դատական բարեփոխումների մասին, Ջրբաշյանը նշեց, որ արդյունավետ գործող դատական համակարգը ծայրահեղ կարեւոր է տնտեսության մեջ որոշակիություն ապահովելու համար։ «Սեփականության պաշտպանությունը եւ պայմանագրերի կատարման ապահովումը կանխատեսելիության եւ որոշակիության ձեւավորման կարեւոր տարր է։ Այդ պայմանների ապահովման հարցում ծայրահեղ կարեւոր է դատական համակարգը։ Այդ տեսակետից դատական համակարգի արդյունավետ աշխատանքը դրականորեն է արտացոլվում նաեւ տնտեսության վրա ընդհանրապես։ Վստահ չեմ, որ ամբողջ այդ շղթան կախված է միայն Սահմանադրական դատարանից։ Ենթադրում եմ՝ սեփականության արդյունավետ պաշտպանությունը ապահովելու եւ պայմանագրերը կատարելու համար անհրաժեշտ են ավելի խորը դատական բարեփոխումներ»,- վստահ է տնտեսագետը։

Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքին՝ նա ընդգծեց, որ շատ կարեւոր է, որպեսզի օրենքի գործողությունը սահմանափակ լինի, քանի որ այն չի նպաստում երկրում տնտեսական որոշակիության ապահովմանը։ «Մյուս կողմից որոշվում է հասարակության մեջ արդարության հարցը։ Սակայն դա պետք է արվի ժամանակի որոշակի հատվածում, որից հետո մենք պետք է վերադառնանք բնական իրավական եւ տնտեսական դաշտ։ Մշտապես այդ օրենքը գործել չի կարող, դա վտանգավոր է»,- ամփոփեց Ջրբաշյանը։