Լիտվական կաթոլիկ եկեղեցին, կորոնավիրուսի տարածման հետ կապված, ավանդական ծեսերում ժամանակավոր փոփոխություններ կատարելու որոշում է ընդունել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Եպիսկոպոսների ժողովի քարտուղար Կեստուտիս Սմիլգյավիչյուսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Որոշվել է ժամանակավորապես հրաժարվել կրոնական զգացմունքների որոշ դրսեւորումներից, որոնք կարող են նպաստել վարակի տարածմանը»,- նշել է նա։

Եկեղեցիներում, գլխավոր քարտուղարի խոսքերով, առայժմ չի լինի սուրբ ջուր, որից, միասին լվանալով մատները, օգտվում են հավատացյալները։ «Խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ խաչը եւ այլ սուրբ իրերը համբուրելուց»,- ասել է նա։ Եկեղեցին նաեւ հարկ է համարում հրաժարվել ձեռքսեղմումներից, որոնք ընդունված են միմյանց հանգստություն մաղթելիս։ Հաղորդությունը, որը հավատացյալները վերցնում են քահանայի ձեռքից, դեռ չեղյալ չի հայտարարվել։

«Եկեղեցին այս հարցում սերտորեն համագործակցում է պետական ատյանների հետ։ Ստեղծվել են արտաքին եւ ներքին տեղեկատվական համակարգեր։ Քահանաներն ու հավատացյալները լավ գիտեն, թե ինչպես է ճիշտ պահել իրենց՝ վարակից խուսափելու համար»,- ասել է Սմիլգյավիչյուսը։