Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, սկսվեց անցած տարվա հուլիսի 6-ին,  Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատաքննությունը՝ տուժող կողմի իրավահաջորդ Տիգրան Ավետիսյանի միջնորդությամբ։

Տուժող կողմը դատարանին միջնորդություն է ներկայացրել, որ դատարանը ՃՈ-ին գրություն ուղարկի՝ Սողոմոն Հակոբյանի վերջին մեկ տարվա ընթացքում կատարած ճանապարհատրանսպորտային խախտումները ցանկով կազմված դատարանին տրամադրելու համար։ Այդ ցանկը ներկայացնել տուժող կողմին եւ կցել քրեական գործին։

Պաշտպանական կողմը առարկեց այդ միջնորդության դեմ. «Ավտոմեքենան իրեն չի պատկանել, դա այլ կազմակերպությանն է, եւ Սողոմոն Հակոբյանից բացի այլ անձ նույնպես վարել է այդ մեքենան։ Երբ Սողոմոն Հակոբյանը սրտի վիրահատության է ենթարկվել, 3 ամիս ավտոմեքենա չի վարել։ այդ տեղեկատվության իմաստը չեմ գտնում»։

Դատարանը բավարարեց տուժող կողմի իրավահաջորդ Տիգրան Ավետիսյանի միջնորդությունը։ Նիստը նախագահող դատավորն ասաց, որ համապատասխան գրություն կուղարկվի ՃՈ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։