Համաշխարհային շուկայում նավթի գների անկումը կազդի նաեւ այլ ապրանքային շուկաների վրա, ինչպիսին է պղնձի շուկան: Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Փարսյանը:
Նրա խոսքով՝ պղնձի գինն ընկել է ամբողջ 150 դոլարով: «Սա մեզ համար անչափ կարեւոր ոլորտ է, քանի որ արտահանման 24 տոկոսը կազմում է պղնձի խտանյութը: Դրան է բաժին ընկնում մեր արտահանման մեծ մասը: Սա լրջորեն կհարվածի մեր տնտեսության արժութային հոսքերին»,- պարզաբանեց Փարսյանը՝ հավելելով, որ 2019 թվականին Հայաստանը մեծացրել է պղնձի արտահանումից իր տնտեսության կախվածությունը:
Ընդ որում՝ փորձագետը նշեց, որ նավթի գների անկմանը զուգահեռ՝ Հայաստանում արժեզրկվել է նաեւ ռուսական ռուբլին: Դեռեւս 2019 թվականին ռուբլին արժեզրկվել էր շուրջ 16 տոկոսով, մինչդեռ հայկական դրամը գերարժեւորվել էր, ինչի հետեւանքով ռուսական շուկայում հայկական ապրանքների մրցակցային առավելությունը զգալիորեն նվազել էր: «Այս շուկայում հայկական ապրանքներն ավելի են թանկանում: Չնայած դրան, անցյալ տարի Հայաստանում նկատվել է Ռուսաստան արտահանման աճ: Ամեն տարի Ռուսաստանից Հայաստան է փոխանցվում մոտ 1 մլրդ դոլար, որի մեծ մասը՝ ռուբլով: Եվ բնական է, որ ռուբլու արժեզրկումը կնվազեցնի այն ընտանիքների գնողունակությունը, որոնք ռուբլով են տրանշներ ստանում»,- ասաց տնտեսագետը:
Փարսյանը նշեց նաեւ, որ Հայաստանի ապրանքաշրջանառության 70 տոկոսը իրականացվում է ռուբլով, իսկ ռուբլու դեւալվացիան հայկական շուկայում ռուսական ապրանքները էժան է դարձնում, ինչն անպայման հայկական շուկայում նրանց համար մրցակցային առավելություն կստեղծի, իսկ տեղական ապրանքները, արտադրանքը եւ արտադրողները լուսանցքում կմնան:
Տնտեսագետը միաժամանակ ընդունեց, որ եթե հայկական կողմը դրամի փոխարժեքի նվազեցում նախաձեռնի, ապա դա կհանգեցնի ինֆլյացիայի եւ երկրում սոցիալական խնդիրների սրման: Հայաստանի տնտեսությունն, ըստ էության, կանգնած է ճանապարհը փակած «երկու քարի» տեսքով դիլեմայի առաջ: «Եվ այս իրավիճակում մենք պետք է ելք գտնենք: Կա՛մ դրամի արժեզրկումը կհանգեցնի գնաճի, իսկ պետությունը պետք է մեղմի բնակչության սոցիալական խոցելի խմբերի վրա ինֆլյացիոն ճնշումը, կա՛մ պետությունը պահպանելով ազգային արժույթի այսպիսի բարձր փոխարժեքը՝ լուրջ վնաս կհասցնի արտահանողներին: Այս պահին հենց այս խնդիրն է ծառացած մեր տնտեսության առաջ»,- պարզաբանեց Սուրեն Փարսյանը՝ հավելելով, որ իր համար ընդունելի է առաջին տարբերակը:




























