Մինչեւ սեպտեմբերի վերջ դրամի փոխարժեքը կայուն կաճի, գնաճը կդառնա միանիշ, բանկային տոկոսադրույքները ոչ մեծ աճ կունենան, իսկ տնտեսական աճը կկազմի մոտ 4 տոկոս։ Այս կանխատեսումներն այսօր՝ ապրիլի 22-ին լրագրողներին ներկայացրեց «Ամերիաբանկի» տնօրինության անդամ, զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
Նրա խոսքով՝ առաջին անգամ Հայաստանը կանգնել է լուրջ մարտահրավերների առջեւ, երբ նախկին «կացնային» որոշումների փոխարեն հարկավոր են շատ նուրբ եւ օպերատիվ լուծումներ։
Մի կողմից՝ կա լուրջ գնաճ, որն, ըստ Տ. Ջրբաշյանի, ներմուծված է։ Մյուս կողմից՝ Հայաստանի Կենտրոնական բանկը, խստացնելով դրամավարկային քաղաքականությունը, ճնշում է փոխարժեքը։ Միայն դրամը թանկացնելով ԿԲ-ն կարող է ճնշել ներմուծվող գնաճը, բայց այդ դեպքում ոչ բարենպաստ պայմաններ են ստեղծվում տեղական արտադրողների եւ արտահանողների համար։ «Դժվար է ասել, թե որ խնդիրն է ավելի կարեւոր՝ սոցիալական իրավիճակի մեղմո՞ւմը, թե՞ տնտեսության խթանումը»,- նշեց Տ. Ջրբաշյանը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ տնտեսության դոլարիզացիան նվազում է, սակայն դրա հիմքում ոչ թե ռազմավարական գործոններ են, այլ մարդկանց իռացիոնալ սպասումները:




























