Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 12-ի նիստում որոշում է կայացրել «ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար:

Մեկ այլ որոշմամբ, «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում նեռավել է նաեւ «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Երկու ընկերությունների համար շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ստեղծվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին, և մեկնարկը տրվել է 2019 թվականի հունվարին:

 «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

«ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» ՍՊԸ-ի ծրագրի շրջանակներում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 43,5 մլն դոլար:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 150 նոր աշխատատեղ` ղեկավար անձնակազմի համար մոտ 240 000 դրամ, օպերացիոն անձնակազմի համար՝ 145 000 դրամ, իսկ տեխնիկական անձնակազմի համար՝ 180 000 դրամ միջին ամսական աշխատավարձերով:

Ընկերությունն ունենալու է մոտ 15.08 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում: «ԷԿՈՍ» ՍՊ ընկերությունը համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

Գործարար ծրագիրը գնահատվել է 70.1 միջին միավոր: Հաշվի առնելով, որ անցողիկ շեմը սահմանված է 60 միավոր` նպատակահարմար ենք գտնում ներառել «ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» ՍՊ ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:

«ՅՈՒ-ՌՈԲՈՏ» ընկերության ծրագրի շրջանակներում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,395 մլն դոլար:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ` մոտ 821 000 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունը վարչական անձնակազմի համար ունենալու է մոտ 16 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում: «ԷԿՈՍ» ՓԲ ընկերությունը համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

Գործարար ծրագիրը գնահատվել է 73.3 միջին միավոր: Հաշվի առնելով, որ անցողիկ շեմը սահմանված է 60 միավոր` նպատակահարմար ենք գտնում ներառել «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» ՓԲԸ-ին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: