Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 12-ի նիստում որոշում կայացրեց հարկային արտոնություն տալ «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին:

Մասնավորապես գործադիրը բավարարել է ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) սարքավորումները, համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Նշենք, որ «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են թիթեղյա տարաների եւ պտուտակավոր կափարիչների արտադրության համար:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1.8 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի եւ նյութերի ձեռքբերման եւ շուրջ 150 մլն դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 19 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 2.9 մլրդ դրամ, որից 2.7 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 98.3 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ բավարարեց նաեւ «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

«ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տպագրության ոլորտում (թղթից կամ ստվարաթղթից արտադրատեսակներ, թղթի կամ ստավարաթղթի մետաղապատում, տպագրություն, մետաղապատ ստվարաթղթից արտադրատեսակների պատրաստում)։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 281.6 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար եւ 380.2 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 77 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ` 170,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 3.48 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380,240,000 դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 19 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ամփոփելով շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքները` նպատակահարմար ենք գտնում բավարարել «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշմամբ սահմանված պահանջներին: